«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ Վրաստանը մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար որպես տարանցիկ հանգույց։ Այս տեսակետը նա հայտնել է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
Վարչապետի խոսքով՝ Անդրկովկասի և ընդհանրապես Վրաստանի դերը բացառիկ է. Վրաստանը յոթ երկիր է կապում Սև ծովի հետ տնտեսական և առևտրային տեսանկյունից, և գագաթնաժողովի շրջանակներում կխոսվի հենց այդ հարցերի շուրջ։
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցում եմ հինգերորդ անգամ։ Կլոր սեղանի ձևաչափում հնարավորություն կունենամ դիմելու եվրոպացի առաջնորդներին, նաև կօգտագործենք այս միջոցառումը երկկողմ հանդիպումների համար։ Ընդհանրապես, Անդրկովկասի և Վրաստանի դերը բացառիկ է։ Մենք յոթ երկիր կապում ենք Սև ծովի և, համապատասխանաբար, Արևմուտքի հետ՝ տնտեսական ու առևտրային տեսանկյունից, և բնականաբար, դրա մասին կունենանք ակտիվ խոսակցություն։ Վրաստանը շատ մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար որպես տարանցիկ հանգույց»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։