Սաակաշվիլիին բուժման տեղափոխել, Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. ԵԽ բանաձև

Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արտասահման բուժման։ Համապատասխան բանաձևն ընդունել է ԵԽ-ն՝ 577 կողմ, 33 դեմ ձայներով։

ԵԽ պատգամավորները պնդում են, որ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքը լակմուսի թուղթ է եվրոպական արժեքներին վրացական կառավարության հավատարմության։ Բանաձևում ասվում է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի հեղինակությանը և խոչընդոտում ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարին։

ԵԽ պատգամավորները Վրաստանի իշխանություններին հիշեցնում են, որ իրենք են պատասխանատու Սաակաշվիլիի առողջական վիճակի համար։

Բանաձևը նաև ընդգծում է այն հիմնարար դերը, որը խաղացել է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին՝ Սաակաշվիլիի բանտարկության գործում` «որպես անձնական վենդետայի մի մաս»։

Ուստի խորհրդարանը կրկնում է իր կոչը Խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին՝ քննարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը «Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման» գործում նրա դերի համար։ Պատժամիջոցների վերաբերյալ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) նախաձեռնությունը պաշտպանել է 362 պատգամավոր։

Եվրախորհրդարանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել օգտվել սահմանադրական իրավունքից և ներում շնորհել Սաակաշվիլիին։