Գործազրկության մակարդակը 2024 թվականի համեմատ

Վրաստանի վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն՝ 2025 թվականին գործազրկության մակարդակը 2024 թվականի համեմատ մնացել է անփոփոխ և կազմել է 13.9%:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարի զբաղվածությունը նվազել է, սակայն նվազել է նաև աշխատուժը, այսինքն՝ աշխատանք փնտրող մարդկանց թիվը։

Մասնավորապես, հրապարակած տվյալներով՝ 2025 թվականին աշխատուժի մասնակցության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 54.5%, իսկ զբաղվածության մակարդակը նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 46.9%։

Աշխատուժի մասնակցության մակարդակը քաղաքային տիպի բնակավայրերում նվազել է 0.5 տոկոսային կետով, իսկ գյուղական տիպի բնակավայրերում մնացել է անփոփոխ։ Զբաղվածության մակարդակը քաղաքային բնակավայրերում նվազել է 1.2 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում աճել է 1.1 տոկոսային կետով՝ կազմելով համապատասխանաբար 47.3% և 46.3%։

Անցյալ տարի վարձու աշխատողների մասնաբաժինը զբաղվածների ընդհանուր թվում կազմել է 69.3%, ինչը 0.8 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերում նախորդ տարվա համեմատ աճել է 1.3 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում նվազել է 2.1 տոկոսային կետով։

Նախորդ տարվա համեմատ 2025 թվականին գործազրկության մակարդակն ամենից շատ նվազել է Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, նաև Քվեմո Քարթլիի և Գուրիայի տարածաշրջաններում՝ համապատասխանաբար 3.1, 2.9 և 2 տոկոսային կետով։ Գործազրկության ամենաբարձր մակարդակը՝ 17.5%, գրանցվել է Թբիլիսիում։ Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում՝ կանանց համեմատ։

Գործազրկության մակարդակն ամենաբարձրն է 15-19 տարիքային խմբում (39%), իսկ ամենացածրը՝ 65 տարեկան և բարձր բնակչության շրջանում (3.5%), ինչի հիմնական պատճառը տվյալ տարիքային խմբում ակտիվության ցածր ցուցանիշն է։

Զբաղվածության և գործազրկության վիճակագրությունը հաշվարկելիս ծառայությունը հիմնվում է 15 տարեկան և ավելի մեծ բնակչության վրա, որը բաժանվում է երկու մասի՝ տնտեսապես ակտիվ բնակչություն (աշխատուժ) և աշխատուժից դուրս գտնվող բնակչություն։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կամ աշխատուժը միավորում է երկու կատեգորիայի՝ զբաղվածներ (վարձու աշխատողներ և ինքնազբաղվածներ) և գործազուրկներ։ Գործազուրկների տոկոսային մասնաբաժինը տնտեսապես ակտիվ բնակչության մեջ համարվում է գործազրկության մակարդակ։