«Տուն՝ դեպի Եվրոպա». հունիսի 24-ին նոր հանրահավաք է նախատեսված

«Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը կոչ է անում հանրությանը՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերջնական որոշման հրապարակումից հետո՝ հունիսի 24-ին հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Նոր՝ «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը նախատեսված է հունիսի 24-ին, ժամը 20:00-ին։

«Ինչ որոշում էլ ընդունի Եվրախորհուրդը, Վրաստանը վեց ամիս կունենա իր պարտավորությունները կատարելու համար»,- ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

«Սիրցխվիլիա»-ն նշում է, որ չի հավատում իշխանության խոստմանը և մտադիր է հայտարարել «ապաօլիգարխացման» գործողությունների ծրագրի մասին.

«Ինչ խոստում էլ տա իշխանությունը, մենք չենք հավատում, որ հավատարիմ կմնա իր խոսքին, քանի որ տարիներ շարունակ միայն ապացուցել է իր հավատարմությունը օլիգարխիային։ Նրանք խախտեցին վրաց ժողովրդին տված խոստումը, երբ տապալվեց համամասնական ընտրակարգի մասին օրենքի նախագիծը, խախտեցին Եվրոպային տրված խոստումը, երբ սաբոտաժ արեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը։ Ուստի մենք՝ վրաց ժողովուրդս, պետք է պատասխանատվություն ստանձնենք բարեփոխումների իրականացման համար»:

Ըստ «Սիրցխվիլիա»-ի՝ այս գործընթացը սկսվել է հունիսի 20-ին աննախադեպ հանրահավաքով, որը պատմական ստացվեց՝ Բիձինա Իվանիշվիլիի և վրաց ժողովրդի կամքը տարանջատվեց:

«Վրաստանի եվրոպական ընտրությունը պետք է պաշտպանի վրաց ժողովուրդը»,- ասված է շարժման տարածած հաշորդագրության մեջ։

Նշենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Տուն: դեպի Եվրոպա» եվրաինտեգրմանն աջակցող հանրահավաք։

Կարդացեք նաև՝

«Տուն՝ դեպի Եվրոպա». հանրահավաքի արձագանքներն ամփոփ

Մանիֆեստ. Վրաստանում ժողովրդական շարժում է ստեղծվում