ՄԻԵԴ-ը հուլիսի 5-ի գործով վարույթ է ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի բողոքը՝ 2021 թվականի հուլիսի 5-ին բռնի խմբերի կողմից «Սիրցխցիլիա» քաղաքական շարժման գրասենյակի վրա հարձակման և ակտիվիստների նկատմամբ բռնության առնչությամբ։

Նշենք՝ հայցվորները կարծում են, որ իրենց վրա դաժան հարձակում է կազմակերպվել, և պետությունը բավարար ջանքեր չի գործադրել հուլիսի 5-ի բռնությունները կանխելու համար։

Ստրասբուրգի դատարանում Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը պաշտպանելու է «Սիրցխցիլիա»-ի անդամների՝ Սալոմե Նիկոլեիշվիլիի, Զուրաբ Բերձենիշվիլիի, Գիորգի Մակարաշվիլիի և Մարիամ Դոլիձեի շահերը։

Հատկանշական է, որ բողոքը կենտրոնացած է հուլիսի 5-ի բռնությունները կանխելու ուղղությամբ պետության անգործության, բռնության կազմակերպիչների անպատժելիության, հանցագործության անարդյունավետ հետաքննության և այն փաստի վրա, որ մեղադրող կողմը տուժողներին տուժող չի ճանաչել։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:

Հետաքննությունը մինչ այժմ չի բացահայտել հուլիսի 5-ի կազմակերպիչներին, միայն մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել։

Կարդացեք նաև՝

Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Ռուսթավելիի պողոտայում