«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրավաբանական օգնության ծառայության նորանշանակ տնօրեն Օթար Չախունաշվիլիին:
Օթար Չախունաշվիլին տնօրենի պաշտոնում նշանակվել է մայիսի 1-ին՝ Իրակլի Կոբախիձեի հրամանագրով:
Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել սոցիալական ցանցում.
«Հանդիպեցի Իրավաբանական օգնության ծառայության նորանշանակ տնօրեն Օթար Չախունաշվիլիին: Շնորհավորեցի ծառայության նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթեցի: Օթար Չախունաշվիլին ինձ մանրամասն տեղեկություն տրամադրեց ծառայության գործունեության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ:
«Իրավաբանական օգնության ծառայություն» Հանրային իրավունքի իրավաբանական անձը քաղաքացիների համար ապահովում է անվճար իրավաբանական օգնության հասանելիություն:
Օթար Չախունաշվիլին իմ հրամանագրով ծառայության տնօրեն է նշանակվել մայիսի 1-ից: Նա հանրային հատվածում աշխատանքի բազմամյա փորձ ունի: Տարբեր ժամանակաշրջաններում նա եղել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայության պետի առաջին տեղակալը, Արդարադատության տան գործադիր տնօրենը, Պաշտպանության նախարարության բարեփոխումների համակարգման և մոնիտորինգի դեպարտամենտի պետը, նաև ղեկավարել է Պետական տեսչության ծառայության հանրային և մասնավոր հատվածների վերահսկողության դեպարտամենտը: Օթար Չախունաշվիլին իրավաբանական գիտությունների դոկտոր է»,- գրել է Իրակլի Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ «Իրավաբանական օգնության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Իրավաբանական օգնության ծառայությունը դարձել է հաշվետու վարչապետին, և հենց վերջինիս է տրվել տնօրենին նշանակելու և ազատելու հայեցողական իրավունքը` ի տարբերություն նախկինում գործող օրենքի, որով ծառայությունը չէր ենթարկվում որևէ պետական մարմնի և հաշվետու էր միայն խորհրդարանին: