2026 թվականից, երբ պետական համալսարաններում ուսումը բոլոր ուսանողների համար կդառնա անվճար, Թբիլիսիի քաղաքապետարանի «Ուսանողների ֆինանսավորման ծրագրի» բյուջեն, որը տարեկան կազմում է 3 միլիոն լարի, կուղղվի ուսանողական կրթաթոշակներին, խորհրդարանում հայտարարել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ պետական համալսարանների ուսման վարձն ամբողջությամբ կծածկի պետությունը, այն միջոցները, որոնք մինչ այժմ օգտագործվում էին սոցիալական խմբերի ուսանողների ուսման վարձը վճարելու համար, կմնան կրթական համակարգում, սակայն կփոխվի դրանց գործառույթը:
Գաբիսոնիայի խոսքով՝ նշված նախաձեռնությունը պատկանում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին, և նախարարության հետ խորհրդակցությունների արդյունքում գումարը կրթաթոշակին ուղղելու որոշումն արդեն հավանության է արժանացել:
«Թբիլիսիի քաղաքապետարանն ունի սոցիալական աջակցության ծրագիր, որով նրանց, ովքեր դրամաշնորհ (գրանտ) չէին ստանում, փոխհատուցվում էր ուսման վարձը: Սա շատ լավ ծրագիր է, և դրա բյուջեն, եթե ճիշտ եմ հիշում, կազմում է մոտ 3 միլիոն լարի:
Մենք հանդիպում ենք ունեցել փոխքաղաքապետի հետ. հենց պարոն Կախա Կալաձեի նախաձեռնությունն էր, որ աշխատեինք այս ուղղությամբ նախագծերի վրա: Մեր առաջարկն էր, որ այդ գումարն ուղղվի ուսանողների կրթաթոշակների աջակցմանը, ինչն անմիջապես քաղաքապետի հավանությանն արժանացավ: Մեծ հավանականությամբ, տեղի կունենա այդ բյուջետային միջոցների տրանսֆորմացիա՝ ուսանողական կրթաթոշակների համար»,- հայտնել է Զվիադ Գաբիսոնիան:
Նախարարի տեղակալը նշել է, որ այս փուլում քաղաքապետարանը, նախարարության և համալսարանների հետ միասին, աշխատում է այն օպտիմալ մոդելի վրա, թե ինչ տրամաբանությամբ և չափանիշներով կբաշխվեն նշված կրթաթոշակները:
Գաբիսոնիայի պարզաբանմամբ՝ նման մոտեցում կկիրառվի նաև այլ գերատեսչությունների դեպքում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, որը միջոցներ ունի հատկացված Պաշտպանական ակադեմիայի ուղղությամբ:
«Կարծում ենք, որ այն միջոցները, որոնք պետությունը հատկացրել էր կրթական համակարգի աջակցությանը տարբեր նպատակներով, կմնան համակարգում և հիմնականում կծառայեն ուսանողների կրթաթոշակային ֆինանսավորման նախագծերին»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ նախարարությունն արդեն աշխատում է սոցիալական կրթաթոշակների լրացուցիչ խթանման մեխանիզմների ստեղծման վրա:
Հիշեցնենք, որ բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում, 2026 թվականից պետական համալսարաններում ուսումը բոլոր ուսանողների համար դառնում է անվճար, իսկ մասնավոր համալսարաններ ընդունվածները պետությունից դրամաշնորհներ (գրանտներ) այլևս չեն ստանա: