Գարդաբանիում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 երիտասարդ է զոհվել, իսկ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Զոհվածների թվում են եղբայրներ Ջալիլ և Սախիլ Մասիմովները, 17 և 19 տարեկան Ամիլ և Քամիլ Ալիևները: Նրանք ազգականներ էին: 24news.ge-ի տեղեկություններով՝ երիտասարդներից 5-ը Սագարեջոյի մունիցիպալիտետի Կղարաչոփի համայնքից էին, իսկ 2-ը՝ Գարդաբանիից:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հետաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով` ավտոմեքենայի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ի առավոտյան: Սոցիալական ցանցերում տարածվում են տեսահսկող սարքերի տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան նախ բարձրանում մայթ, իսկ հետո բախվում ծառին:
Ըստ տեղացիների` Մառնեուլիում և Գարդաբանիում հաճախ են տեղի ունենում ավտովթարներ: Օրինակ՝ մոտ 2 շաբաթ առաջ Մառնեուլիում վթարի հետևանքով 10-ամյա երեխա էր մահացել:
(Լուսանկարը՝ 24.News.ge)