ՀՀ-ի տարածքով փորձել են Իրանից Վրաստան հասցնել մեծ քանակությամբ թմրանյութ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հանցավոր խումբ, որը փորձել է ՀՀ-ի տարածքով Իրանից Վրաստան տեղափոխել թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:

«Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետ է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-ին պատկանող  բեռնատար տրանսպորտային միջոցը: Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում պետք է օգտագործվեր որպես տարանցիկ գոտի։

Մաքսային հսկողության շրջանակում բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել։ Մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով: Բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ: Որոշում է կայացվել տրանսպորտային միջոցը առավել մանրամասն զննության նպատակով տեղափոխել հարավային տերմինալ մաքսային պահեստ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են  կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով  111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց»,– մանրամասնել են ՊԵԿ-ից։