ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Քութաիսիի միջազգային համալսարան

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Քութաիսիի միջազգային համալսարան (ՔՄՀ), որտեղ հանդիպում է ունեցել ռեկտոր Վախթանգ Ցագարելիի հետ, գրված է Վրաստանում ՀՀ դեսպանության սոցցանցային էջում։

Հանդիպման հիմնական նպատակը երկու երկրների միջև կրթական և գիտական ոլորտներում սերտ կապերի հաստատումն էր և ՔՄՀ-ի միջազգային հարաբերությունների ռազմավարության շրջանակներում բուհական գործընկերության խորացումը։

«Հանդիպմանը ներկա էին դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը, ՔՄՀ կանցլեր Լևան Կոպալիանին, ՔՄՀ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Մարիամ Նանեիշվիլին։

Վ․ Ցագարելին ՀՀ դեսպանին մանրամասն ներկայացրեց ՔՄՀ-ի միջազգային կրթական ծրագրերը, հետազոտական առաջնահերթությունները և ինչպես տեղի, այնպես էլ արտերկրի ուսանողներին համալսարանի առաջարկած բացառիկ հնարավորությունները։ Քննարկվեցին նաև ապագա համագործակցության հեռանկարները, որոնք բովանդակում են համատեղ ակադեմիական նախաձեռնություններ, ուսանողական ու դասախոսական կազմի փոխանակման ծրագրերի խթանում, ինչպես նաև երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացում։

Ա․ Սմբատյանը շրջայց կատարեց գերժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող համալսարանական համալիրում»,- ասված է հաղորդագրության մեջ։