Բաթումին չի փակվի, կարանտինային գոտիներ չեն սահմանվի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ չնայած  Բաթումիում կորոնավիրուսային ծանր իրավիճակ, չի ծրագրվում փակել Բաթումին կամ տարածքում կարանտինյին գոտիներ ստեղծել: Այս մասին նա հայտարարել է միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում:

Փոխարենը Բաթումիում մասսայական թեստավորում կմեկնարկի: Խորհրդի նիստի ընթացքում այս մասին խոսել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Նրա խոսքով՝ ամեն օր ծովափնյա տարածքներում 1 500-1 800 թեստ կանցկացվի: Հաշվի առնելով, որ վարակվածների աղբյուրների շարքում հիմնական մասը «Դոնա» հրուշակեղենի խանութի աշխատակիցներն են, Գամկղրելիձեն կոչ է արել խանութի հաճախորդներին նույնպես թեստավորում անցնել Բաթումիում:

Նշենք, որ Բաթումիում հնարավոր է անվճար թեստավորում անցնել 5 կլինիկաներում, ինչպես նաև հատուկ ստեղծված վրաններում:

Հիշեցնենք՝ այսօր գրանցվել է ապրիլի 16-ից հետո կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը։ 38 նոր դեպքից 22-ը Բաթումիից են: