Թրաֆիքինգի մեղադրանքով մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, Վրաստանի Իմերեթիի մարզի Զեստափոնիի մունիցիպալիտետում մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) մեղադրանքով ձերբակալվել է օտարերկրյա մեկ քաղաքացի։

Ըստ հետաքննության վարկածի՝ մեղադրյալը Բաթումիի գեղեցկության սրահներից մեկում աշխատանք է խոստացել Թաիլանդի երեք քաղաքացու։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Վրաստան ժամանելուց հետո Թաիլանդի երեք քաղաքացիներին մեղադրյալը խաբեությամբ տարել է Զեստափոնի, վերցրել նրանց անձը հաստատող փաստաթղթերը և որոշակի փոխհատուցման դիմաց ստիպել սեռական ծառայություններ մատուցել հաճախորդներին։

ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է՝ որպես ապացույց առգրավվել են ապօրինի պահված անձնագրերը, հարկադիր սեռական ծառայությունների արդյունքում ձեռք բերված գումարը, ինչպես նաև բջջային հեռախոսներ ու համակարգչային տեխնիկա։

Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով, որը վերաբերում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ մարդկանց թրաֆիքինգին: Հանցագործությունը պատժվում է 12-ից 15 տարի ազատազրկմամբ։