Լրագրող Իրակլի Չիխլաձեի նկատմամբ կիրառվել է նախնական կալանք

Լրտեսության մեղադրանքով ձերբակալված լրագրող Իրակլի Չիխլաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է նախնական կալանքը։ Որոշումը կայացրել է դատավոր Էկա Բարբաքաձեն։

Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Իրակլի Չիխլաձեն, օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, ի վնաս Վրաստանի շահերի հավաքել և նրանց է փոխանցել հետախուզական տեղեկություններ։

«Իրակլի Չիխլաձեի դիրքորոշումն այն է, որ ինքը երբեք երկրին վնասող քայլ չի արել և որևէ օտարերկրյա պետության ներկայացուցչի գաղտնի փաստաթուղթ կամ տեղեկատվություն պարունակող առարկա չի փոխանցել։

Նրան մեղսագրել են մի արարք, որն ինքը չի կատարել, և նա նույնիսկ հնարավորություն չունի պաշտպանվելու երկրի, հասարակության ու ժողովրդի առջև։ Նա իրավունք չունի հրապարակելու գործում առկա այն ապացույցները, թե ինչի համար են իրեն մեղադրում։ Նրան հասկանալի չէ, թե ինչու են իրեն ձերբակալել և ինչու են նման մեղադրանք առաջադրել։

Նա եղել է հասարակական կազմակերպության հիմնադիր, ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող։ Նա բազմաթիվ աշխատություններ ունի հրապարակած և հանդես էր գալիս բացառապես երկրի շահերից»,— ասել է Իրակլի Չիխլաձեի փաստաբան Գիորգի Գելխաուրին։

Նույն մեղադրանքով ձերբակալված «Եվրասիական ինստիտուտ»-ի հիմնադիր Գուլբաաթ Րցխիլաձեի նկատմամբ նույնպես կիրառվել է նախնական կալանք։

Ինչպես Գուլբաաթ Րցխիլաձեի, այնպես էլ Իրակլի Չիխլաձեի գործերի քննության գործընթացը փակ է։ Փաստաբանները ստորագրել են չհրապարակման մասին փաստաթուղթ և իրավունք չունեն հանրայնացնելու գործերի մանրամասները։