«Խաղողի վազի և գինու մասին» օրենքում կատարված փոփոխությունները հաստատվել են

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 75 կողմ և 1 դեմ ձայնով, հաստատել է «Խաղողի վազի և գինու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Ընդունված օրինագծի համաձայն՝ «փոքր չափի գինեգործարան» հասկացության սահմանումը փոխվել է, և դրա տարեկան արտադրողականության առավելագույն շեմը 40 հազար լիտրից նվազեցվել է մինչև 25 հազար լիտրի։ Միաժամանակ, «տնական գինի» տերմինը փոխարինվել է «բնական գինի» տերմինով, ինչը ենթադրում է արտադրանքի ստացում առանց համակարգային պեստիցիդների, հերբիցիդների և այլ քիմիական սինթետիկ միջոցների օգտագործման։

Օրինագծով պարտադիր է դարձել սերտիֆիկացված ալկոհոլային խմիչքների մակնշումը։ Ալկոհոլային խմիչքների մակնշումը կիրականացնի Գինու ազգային գործակալությունը՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի սահմանած կարգով։

Արտահանման, նաև տեղական սպառողական շուկայում իրացման համար նախատեսված բոլոր կատեգորիաների գինիները, բացառությամբ «բնական գինու», կենթարկվեն պարտադիր օրգանոլեպտիկ (զգայորոշման) ստուգման։

Օրենսդրական փոփոխությունը մշակել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։