Վրաստանում երեխա ունենալու ցանկության խոչընդոտները. ՄԱԿ-ի հետազոտություն

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) նոր ժողովրդագրական հետազոտության համաձայն՝ Վրաստանում ընտանիքը, ամուսնությունը և երեխաներ ունենալը երիտասարդների համար մնում են կարևորագույն առաջնահերթություն, սակայն իրական հանգամանքները խոչընդոտում են այս նպատակների իրականացմանը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրում լուրջ սահման կա ցանկալի և փաստացի ժողովրդագրական ցուցանիշների միջև։

Տարածաշրջանի այլ երկրների համեմատ՝ Վրաստանում երիտասարդների վերաբերմունքը ընտանիք կազմելու հանդեպ առանձնահատուկ դրական է. հարցվածների 79%-ը ցանկանում է ամուսնանալ, ինչը զգալիորեն գերազանցում է հետազոտությանը մասնակցող մյուս երկրների միջին ցուցանիշը (63%)։

Երեխաներ ունենալու գլխավոր դրդապատճառ է անվանվում ուրախությունն ու երջանկությունը. հարցվածների 87%-ը այս գործոնը գնահատել է «կարևոր» կամ «շատ կարևոր»։

Վրաստանում երեխաների ցանկալի միջին թիվը կանանց դեպքում կազմում է 2,6, իսկ տղամարդկանց դեպքում՝ 3։

Չնայած մեծ ցանկությանը՝ շատ երիտասարդների ընտանեկան պլանները 35–39 տարեկան հասակում մնում են չիրականացված.

Այս տարիքային խմբում կանանց 22%-ը երեխա չունի, սակայն դա նրանց անձնական ընտրությունը չէ. այս կանանց 95%-ը իրականում ցանկանում է երեխա ունենալ։ Այս տվյալը կտրուկ տարբերվում է այլ երկրներից, որտեղ անզավակությունը հիմնականում կամավոր որոշում է։

Արդյունքում ստեղծվում է լուրջ ժողովրդագրական տարբերություն երեխաների ցանկալի և իրական թվի միջև. կանանց շրջանում այս տարբերությունը միջինում հասնում է 1,25 երեխայի, իսկ տղամարդկանց շրջանում՝ գրեթե 2 երեխայի։

Վրաստանն առաջատար է ողջ տարածաշրջանում կրթությունն ու կարիերան որպես ծնողական անհրաժեշտ նախապայման գնահատելու հարցում. վրացի երիտասարդների 60%-ը համարում է, որ կրթություն ստանալը «շատ կարևոր է» մինչև երեխա ունենալը, իսկ 58%-ը նույնն ասում է կարիերայում հաստատվելու վերաբերյալ։

Սեփական բնակարան ունենալու անհրաժեշտությունը ևս Վրաստանում շատ ավելի կրիտիկական է ընկալվում, քան Արևմտյան Եվրոպայում։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդների շրջանում տարածված է կյանքի փուլերի խիստ հաջորդականություն. կայուն աշխատանքը պետք է նախորդի անկախ բնակությանը, բնակությունը՝ գործընկերային հարաբերություններին, իսկ գործընկերությունը՝ երեխայի ծնունդին։ Եթե այս շղթայի նույնիսկ մեկ օղակ խզվում է, հաջորդ փուլերի իրականացումը հարցականի տակ է դրվում։

Ի՞նչն է խոչընդոտում երեխաներ ունենալու ցանկությանը։

Զուգծընկեր գտնելու և երեխաներ ունենալու ամենամեծ արգելք է համարվում ֆինանսական անկայունությունը։ Հարցվածների 41%-ը երեխա ունենալու գլխավոր խոչընդոտ է նշել ֆինանսական պատճառները։

Դրան հաջորդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ համապատասխան բնակարանի բացակայությունը (38%), առողջական խնդիրները (39%) և համապատասխան զուգընկեր գտնելու դժվարությունը (37%)։

Դրան զուգահեռ՝ Վրաստանում ժողովրդագրական ճեղքվածքը սերտորեն կապված է գենդերային դերերի ասիմետրիայի (անհամաչափության) հետ.

Վրացի կանայք ակնկալում են, որ երեխայի խնամքի հիմնական բեռն իրենց ուսերին է լինելու։ Չնայած տղամարդիկ պարտականությունների հավասար բաշխման պատրաստակամություն են հայտնում, նրանք իրենց դեռևս գերազանցապես տեսնում են միայն «կերակրողի» (ֆինանսական ապահովողի) դերում։

Կանայք ընդգծում են սեփական տնտեսական անկախության կարևորությունը՝ գործընկերոջից կախվածությունից խուսափելու միտումով։

Միաժամանակ, հասարակության մեջ առկա են երկակի ստանդարտներ. մինչև 3 տարեկան երեխա ունեցող մոր լրիվ դրույքով աշխատելը դեռևս բախվում է լուրջ պահպանողական հասարակական պարսավանքի։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին, խորհրդարանում ինտերպելյացիայի կարգով իր ելույթում, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ժողովրդագրության ոլորտում առկա խնդրահարույց միտումներն ավելի շատ աշխարհայացքային հիմքեր ունեն, քան ֆինանսատնտեսական։

Կոբախիձեի խոսքով՝ ժողովրդագրական խնդիրները Վրաստանի նման արդիական են ողջ աշխարհում, և այդ ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու նպատակով ամեն ինչ պետք է համալիր կերպով իմաստավորվի գործուն քայլեր ձեռնարկելու ակնկալիքով։

ՄԱԿ-ի հետազոտությունն իրականացվել է 2025 թվականին՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 11 երկրներում ու տարածքներում (այդ թվում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Մոլդովայում)։ Դրան մասնակցել է ինտերնետային հասանելիություն ունեցող, 18-ից 39 տարեկան ավելի քան 13 հազար 500 ռեսպոնդենտ։