Ազատության հրապարակում հայտնաբերվել են 10-րդ դարի գտածոներ

Թբիլիսիի Ազատության հրապարակում ընթացող վերականգնողական աշխատանքների ժամանակ գետնի տակ հայտնաբերվել են, ենթադրաբար, 10-րդ դարի կավե անոթներ և հին «Գարեթուբանի» կոլեկտորային համակարգը։

Տեղեկությունը տարածել է «Շարժում հանուն մշակութային ժառանգության» կազմակերպությունը։ «Շարժում»-ը մայրաքաղաքի քաղաքապետարանին, նաև Մշակույթի նախարարությանը և Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը կոչ է արել նշված տարածքի ուսումնասիրություն սկսել։

«Մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի և Վրաստանի ազգային թանգարանի միջև ընկած հատվածում հայտնաբերվել են աղյուսե շարվածքներ՝ հավանաբար 19-րդ դարի հին «Գարեթուբանի» կոլեկտորների համակարգը, նաև անհամար կավե անոթներ, որոնք, մեր ձեռքի տակ եղած տեղեկություններով, թվագրվում են 10-11-րդ դարերին։ Թեև աշխատանքները դադարեցված են, սակայն մինչ օրս անհայտ է, թե երբ կսկսվի հայտնաբերված հնագիտական շերտերի ուսումնասիրությունը, և առհասարակ ինչ ճակատագիր է սպասվում դրանց։ Անհայտ է նաև այն մասնագետի կամ մասնագետների խմբի ինքնությունը (եթե այդպիսիք կան), որոնք պետք է հնագիտական վերահսկողություն իրականացնեին վերականգնողական աշխատանքների նկատմամբ։

Մենք դիմում ենք Մշակույթի նախարարությանը, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին՝ օրենքով սահմանված ժամկետում սկսել խորհրդակցություններ հայտնաբերված հնագիտական շերտերն ու գտածոներն ուսումնասիրելու, նաև հետազոտության ընթացքում արդյունավետ հնագիտական վերահսկողական գործընթացը կոորդինացնելու համար»,- պահանջել են «Շարժում»-ից։

Ոլորտի փորձագետներն էլ նշել են, որ Ազատության հրապարակում և Ռուսթավելիի պողոտայում վերականգնողական աշխատանքների ընթացքում հնագիտական վերահսկողությունը պետք է իրականացվեր ի սկզբանե։ Նրանց գնահատմամբ՝ պատմական տարածքի պահպանման խիստ կարգավիճակից ելնելով՝ դա օրենքով նախատեսված պարտավորություն է, որը խախտվել է։