Գործարար Թամազ Էլիզբարաշվիլին իրեն առաջադրված մեղքը չի ընդունում

Գործարար Թամազ Էլիզբարաշվիլիի փաստաբան Լեքսո Սվիմոնիշվիլիի հայտարարությամբ՝ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում։ Նրա խոսքով՝ գործով կա յոթ տուժող, և բոլորը տղամարդիկ են։

«Մեղադրանք է առաջադրվել 151-րդ հոդվածի առաջին մասով` սպառնալիք։ Պարոն Թամազը մերժում է այդ մեղադրանքը։ Նրա տարբերակը լիովին տարբերվում է առաջադրվածից։ Գործի նյութերն նոր են փոխանցվել ինձ, պետք է ծանոթանամ։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Մեղադրական որոշման մեջ գրված է, որ այսպես կոչված կոնֆլիկտը ծագել է Թամազ Էլիզբարաշվիլիի՝ անցյալում սոցիալական ցանցերում ակտիվությունից։ Որոշման մեջ գրված չէ, որ նրանք անցյալում անձնական կոնֆլիկտ են ունեցել»,- ասել է փաստաբանը։

Լեքսո Սվիմոնիշվիլիի խոսքով՝ Թամազ Էլիզբարաշվիլիին զենքի հետ կապված մեղադրանք առաջադրված չէ․ «Միակ զենքը, որն առգրավվել է Թամազ Էլիզբարաշվիլիի բնակարանից, օրինական գրանցված է։ Որոշման մեջ գրված է, որ զենքով է եղել, ինքը հերքում է։ Ասում է, որ իր մոտ զենք չի եղել»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ գործարար Թամազ Էլիզբարաշվիլիին ձերբակալել են իր բնակարանում։ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ Էլիզբարաշվիլիի ավտոմեքենայի խուզարկությունն անցկացվել է սպառնալիքի և զենքի ապօրինի ձեռքբերման ու պահման գործով ընթացող հետաքննության շրջանակներում։