Ով կստանա 200 լարին. գրանցումը մեկնարկել է

Վրաստանի ֆինանսների նախարարությունը մանրամասն ներկայացրել է, թե ով կկարողանա 200 լարի աջակցությունից օգտվել` հակաճգնաժամային պետական ծրագրի շրջանակում։ 

Վճարումները կլինեն 2021-ի հունվարից։ 6 ամսվա ընթացքում ամսական 200 լարի ստանալու են նոր սահմանափակումների հետևանքով անգործ մնացածները` կոնկրետ չափորոշիչների դեպքում.

  • Քաղաքացին աշխատանքի տեղավորված է եղել առնվազն 2 ամիս` 2020-ի հունվար-նոյեմբերին ու աշխատավարձ է ստացել (տվյալները պետք է հաստատվեն գործատուի կողմից),
  • Առնվազն մեկ ամսվա ընթացքում 2020-ի դեկտեմբերից 2021-ի փետրվարը վերոնշյալ անձը չի ստացել աշխատավարձ ( եմթադրվում է` նաև հղիության արձակուրդում գտնվողները)։

Նշված կետերին համապատասխանող քաղաքացիների տվյալները ֆիննախին պետք է տրամադրի գործատուն։ Կազմակերպության ներկայացուցիչը նաև առցանց դիմելու հնարավորություն ունի` եկամուտների ծառայության կայքում գրանցում անցնելուց հետո։

Բացի այդ` եկամուտների ծառայությունը նոր ծրագրային ապահովման միջոցով հնարավություն է ստեղծել, որ քաղաքացին ինքնուրույն ստուգի` արդյոք գործատուն տրամադրել է աշխատակցի տվյալները։ Այդ ծրագրի միջոցով` գրանցված անձինք կարող են կապվել գործատուի հետ, եթե պարզեն, որ իրենց տվյալները դեռ չեն ուղարկվել  հարկային ծառայություն։

Այս տարի պետբյուջեով աջակցության փաթեթի համար հատկացվել է 150 մլն. լարի (մոտ 45,5 մլն. դոլար):

Կառավարությունը խոսել է նաև հասցեական օգնության 3-րդ փաթեթի մասին (610 մլն. լարի).

Կես տարվա կտրվածքով ամսական 100-ական լարի կստանա սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող 71 հազար  ընտանիք ու 24 հազար  բազմազավակ ընտանիք։

Նույն օգնությունը կհատկացվի նաև սահմանափակ կարողություններով 43 հազար երեխաների ու մեծահասակների։