Հունիսի 20-ի գործով ևս երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 20-21-ի գործով խմբակային բռնություն կազմակերպելու, գլխավորելու և դրանում մասնակցելու գործով ևս երկու անձի է ձերբակալել:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները խորհրդարանի հարակից տարածքում զարգացած իրադարձությունների ժամանակ մասնակցել են խմբակային բռնի գործողություններին, ոստիկանների վրա հարձակվել և կազմակերպված փորձել ներխուժել խորհրդարանի շենք:

Նշվում է, որ 1993 թ․ ծնված անձն ուժի կիրառմամբ հարձակվել է իրավապահների վրա և ակտիվ մասնակցություն ունեցել խմբակային տարբեր բռնի գործողություններում: 1976 թ․ ծնված մեղադրյալը իրավապահներին հարվածել է և մասնակցել խմբակային բռնի գործողություններին:

Մինչ այս պահը ցույցի ընթացքում խմբակային բռնություն կազմակերպելու, գլխավորելու և դրանցում մասնակցելու մեղադրանքով պատասխանատվության է ենթարկվել 19 անձ, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի անդամ Նիկա Մելիան:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: