Վրաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որը սահմանում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առանց ազգային և ընդհանուր մագիստրոսական քննություններ անցնելու ընդունվելու, ուսման և կարգավիճակի կառավարման կանոնները։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած որոշման մեծ մասն ուժի մեջ է մտել հրապարակման պահից իսկ լեզվի իմացության պարտադիր քննությունների/սերտիֆիկացման հոդվածը կգործի 2027-2028 ուսումնական տարվանից։
Նոր կանոնի համաձայն՝ 2027-2028 ուսումնական տարվանից օտարերկրացի դիմորդը համալսարանին պետք է ներկայացնի լեզվի իմացության միջազգային սերտիֆիկատ կամ հանձնի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կազմակերպած լեզվի քննություն (վրացալեզու ծրագրերի համար՝ պետական լեզվի քննություն)։
Սահմանվել են լեզվի տիրապետման նվազագույն շեմեր․
B1 մակարդակ — բակալավրիատի, անասնաբուժության, դիպլոմավորված բժշկի և ստոմատոլոգի ծրագրերի համար;
B2 մակարդակ — մագիստրոսական ծրագրերի համար։
Ներկայացված միջազգային սերտիֆիկատը պետք է լինի գործող (վավերական), իսկ եթե դրա վրա ժամկետ նշված չէ, տրման օրվանից 3 տարուց ավելի չպետք է անցած լինի։
Ուսման իրավունք ձեռք բերելու համար դիմորդը կամ համալսարանը դիմումով պետք է դիմի Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնին։ Որակի կենտրոնի դրական որոշումից հետո համալսարանի ռեկտորն իրավունք ունի ուսանողին հրամանագրելու (ընդունելու) տարվա ընթացքում երկու կոնկրետ ժամանակահատվածում․
Փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ;
Օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։
Որոշումը խստորեն կարգավորում է ուսանողի ակադեմիական առաջադիմության և նրա կացության իրավունքի կապը․
Կարգավիճակի կասեցում․ համալսարանը պարտավոր է կասեցնել ուսանողի կարգավիճակը, եթե մեկ ուսումնական տարվա ընթացքում նա չի կարողացել հավաքել տարվա առավելագույն կրեդիտների 1/3-ից ավելին.
Երկրում գտնվելու ժամկետի դադարեցում․ եթե ուսանողի կարգավիճակը կասեցվել է և 90 օր է անցել, կամ նա դադարեցրել/ավարտել է ուսումը, Պետական ծառայությունների զարգացման գործակալությունն իրավունք ունի չեղարկելու նրա D6 ներգաղթային վիզան կամ կացության թույլտվությունը.
Կարգավիճակի դադարեցում․ համալսարանն իրավունք ունի ուսանողի կարգավիճակը վերջնականապես դադարեցնելու, եթե չեղարկվել է Վրաստանում նրա գտնվելու ժամկետը կամ որոշում են ընդունել նրան երկրից արտաքսելու մասին։
Ուսանողների մասին տվյալները Բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում 3 աշխատանքային օրվա ընթացքում չհաշվառելը կառաջացնի պատասխանատվություն ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի։