Հայտնի են երկրորդային ընդունելության արդյունքները․ քանի դիմորդ է ուսանող դարձել

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքները, որոնց համաձայն՝ գրանցվել է ընդհանուր առմամբ 2019 դիմորդ։ Նրանցից բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1350-ը։

Երկրորդային ընդունելությունն իրականացվել է բացառության կարգով, միանվագ՝ հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 18:00-ն դիմորդները կրկին հնարավորություն են ունեցել ընտրելու կրթական ծրագրեր։

Արդյունքում՝ այս տարի միասնական ազգային քննությունների և այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքում բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 35 հազար 500 դիմորդ։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների անցումային շրջանի հաշվառմամբ, այսպես կոչված երկրորդային ընդունելությունն իրականացվել է բացառության կարգով, միանվագ։

Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել որակյալ կրթության հասանելիությունը այն դիմորդների համար, ովքեր միասնական ազգային քննություններին հաղթահարել էին նվազագույն իրավասության շեմը, սակայն չէին կարողացել ստանալ ուսանողի կարգավիճակ։

Երկրորդային ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունք ուներ 4010 դիմորդ։ Գրանցվել է ընդհանուր առմամբ 2019 դիմորդ, որոնցից բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել 1350-ը։ Բակալավրիատի աստիճանում սովորելու իրավունք է ստացել 866 դիմորդ։ Նրանցից 331-ն ընդունվել է պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ 535-ը՝ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Մասնագիտական կրթական ծրագրերում ուսումը շարունակելու իրավունք է ստացել 466 դիմորդ, այդ թվում՝ 278-ը՝ պետական մասնագիտական ուսումնարաններում, իսկ 188 դիմորդ՝ մասնավոր մասնագիտական հաստատություններում։

Վրացերենի նախապատրաստական ծրագրով սովորելու իրավունք է ստացել 18 դիմորդ։ Նրանք բոլորն էլ ընդունվել են պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություն։

2026 թվականին միասնական ազգային քննությունների և այսպես կոչված երկրորդային ընդունելության արդյունքում բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք է ստացել ընդհանուր առմամբ 35 հազար 500 դիմորդ», — նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ։

Դիմորդները կարող են ծանոթանալ սեփական արդյունքներին Կենտրոնի կողմից հրապարակված աղյուսակում՝ քննական քարտի վրա նշված իննանիշ նույնականացման կոդի միջոցով։