Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարար Լազիզ Կուդրատովի հետ, ով Վրաստանում է գտնվում Վրաստան-Ուզբեկստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը։ Նշվել է, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծել քաղաքական երկխոսության ամրապնդման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, ինչն արտացոլվել է կոնկրետ ցուցանիշներում։
Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և բիզնես կապերի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը։
Շեշտվել է Վրաստանի՝ որպես Միջին միջանցքի առանցքային տարանցիկ և լոգիստիկ օղակներից մեկի դերը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող խոշոր նախագծերը, որոնք ծառայում են տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։