Չեղարկվում է պետական սերտիֆիկացման քննությանը վերահանձնման համար բժիշկների համար սահմանված սահմանափակումը:
Խորհրդարանն արդեն քննարկում է Առողջապահության նախարարության պատրաստած «Բժշկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Գործող օրենքով՝ պետական սերտիֆիկացման քննությանը բացասական գնահատական ստանալու դեպքում անձն իրավունք ունի հաջորդ մեկ տարվա ընթացքում քննությունը վերահանձնել ընդամենը երկու անգամ: Ընդ որում, քննությունների միջև պարտադիր է պահպանել 6-ամսյա ինտերվալ:
Արդյունքում, այն անձը, ով պետական սերտիֆիկացման քննությանը ստանում է բացասական գնահատական, քննությունը վերահանձնելու համար ստիպված է լինում սպասել օրենքով սահմանված երկար ժամանակահատված, անկախ նրանից, թե ինչ ժամկետում կկարողանա բարելավել իր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները և պատրաստվել վերահանձնմանը:
Բացի այդ, օրինագծի բացատրական գրությունում նշված է, որ պետական սերտիֆիկացման քննությունների միջև օրենքով սահմանված 6-ամսյա ինտերվալը խոչընդոտում է պետական հավաստագրի ստացմանը և անձի կողմից ինքնուրույն բժշկական գործունեություն ծավալելուն: Հետևաբար, այս սահմանափակումն ազդում է անձի մասնագիտություն մուտք գործելու ժամկետի վրա:
Փոփոխությունների արդյունքում կչեղարկվեն պետական սերտիֆիկացման քննության վերահանձնման քանակի և քննությունների միջև 6-ամսյա ինտերվալի պահպանման հետ կապված օրենսդրական սահմանափակումները, և շահագրգիռ անձին հնարավորություն կտրվի պետական սերտիֆիկացման քննությանը բացասական գնահատական ստանալուց հետո, քննության անցկացման սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն, կրկին մասնակցել պետական սերտիֆիկացման քննությանը:
Բժշկական գործունեության իրավունք ստանալու անհրաժեշտ նախապայմանը պետական սերտիֆիկացման քննությունը հանձնելն է: