Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին Արգենտինայից Վրաստան է արտահանձնվել Գիորգի Խատիաշվիլին, որը մեղադրվում է ԱՄՆ-ում ապաստան ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործում ներգրավված լինելու մեջ։
Քննության համաձայն՝ Խատիաշվիլին և նրա համախոհները քաղաքացիների համար հորինել են քաղաքական հայացքների, սեռական կողմնորոշման կամ իրավապահների կողմից ենթադրյալ հետապնդումների մասին պատմություններ՝ դրանք հաստատելու համար պատրաստելով կեղծ փաստաթղթեր։
Դատախազության տվյալներով՝ 2023-2026 թվականներին խմբի ծառայություններից օգտվել է ավելի քան 1000 մարդ։ Նրանցից ստացված գումարը կազմել է շուրջ 600 հազար լարի, 2,25 միլիոն դոլար և 12 500 եվրո։
Խատիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ապօրինի միգրացիա կազմակերպելուն նպաստելու, ապաստանի դիմումներում կեղծ տեղեկությունների օգտագործումը կազմակերպելու և կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու ու տրամադրելու համար։ Գործով ընդհանուր առմամբ ինը անձի մեղադրանք է առաջադրվել։
Դատախազությունը նշում է, որ Արգենտինայից արտահանձնումը նմանատիպ առաջին դեպքն է Եվրոպայից և տարածաշրջանից դուրս գտնվող երկրից։ Հետաքննությանը մասնակցել են նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայությունը։