«Ռուսաստանում ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտի մահը շատ կարևոր փաստ է։ Տարիներ ի վեր նման դեպք աշխարհի մասշտաբով չի արձանագրվել․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս դեպքը հատուկ վերահսկողության տակ է վերցրել։ Մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանի կողմից լուրջ բռնկման և խնդրի վերաբերյալ տեղեկատվության թաքցնում չի լինի», — «Ինտերպրեսնյուսին» հայտնել է Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։
Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, դեպքը բոլորի համար առավելագույն զգուշության «կարմիր դրոշ» է։
«Ընդհանուր առմամբ, ժանտախտը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց տարածումը ոչ միայն մեկ երկրի, այլ, իրականում, գլոբալ պրոբլեմ է։ Բնականաբար, այս փաստը Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողության տակ է։
Ռուսաստանի կողմից պաշտոնական պարզաբանում չի եղել, բայց, տարածված տեղեկատվության համաձայն, այս դեպքը պատահել է լաբորատորիայի աշխատակիցներից մեկի հետ այն պատճառով, որ նա աշխատում էր մասնագիտացված հաստատությունում, որտեղ պահվում էր ժանտախտի բակտերիան և դրա վրա որոշակի աշխատանքային գործընթաց էր ընթանում։ Փորձանոթի կոտրվելը հանգեցրել է նրա վարակմանը, նա թաքցրել է այդ փաստը, և միայն մահվանից հետո է պարզվել, որ այս ամենի հետևում ժանտախտ էր կանգնած։ Նրա հետ շփում ունեցած 200 անձ արդեն հայտնաբերվել է, և բոլորն էլ հսկողության տակ են», — նշել է Իվանե Չխաիձեն։
Նշենք․ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Շելեխով քաղաքի շրջանային հիվանդանոցում Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտ, 28-ամյա Դարյա Շիպիլովան մահացել է թոքային ժանտախտից։ Նրա վարակման վարկածներից մեկի համաձայն՝ Շիպիլովայի ձեռքից պատահաբար կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը։ Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը հերքում է տարածված լուրերը՝ հայտարարելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված էտիոլոգիայի թոքաբորբից», և նրա օրգանիզմում մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Նաև գերատեսչությունում նշել են, որ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտում պաթոգենների հետ աշխատելիս վթար չի գրանցվել։