Էթեր Լիպարտելիանին աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր է դարձել

Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Էթեր Լիպարտելիանին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։  

Կանանց 57 կգ քաշային կարգի եզրափակիչում 27-ամյա ձյուդոիստը լրացուցիչ ժամանակում պարտվել է ճապոնացի Ակարի Օմորիին և նվաճել իր կարիերայի երկրորդ մեդալն աշխարհի առաջնություններում։ 2025 թվականին նա Բուդապեշտում դարձել էր աշխարհի չեմպիոն։  

Էթեր Լիպարտելիանին նաև Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Ընթացիկ տարվա ապրիլին Թբիլիսիում անցկացված մայրցամաքային առաջնությունում նա ոսկե մեդալ էր նվաճել։  

2026 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունում սա Վրաստանի հավաքականի երկրորդ մեդալն է․ մրցումային առաջին օրը Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) դարձել էր բրոնզե մրցանակակիր։