Թբիլիսիում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված գիտաժողով

Իլիայի պետական ​​համալսարանի (ԻՊՀ) բարձրագույն հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, որը կանցկացվի 2024 թվականի հունվարի 16-18-ը։

«Սահմանները հատելը և կարմիր գծերը հատելը Սերգեյ Փարաջանովի կյանքի և արվեստի ընդհանուր բնութագիրն է։ Ինքն էլ եղել է տարբեր ինքնությունների և պատկանելությունների խաչմերուկում՝ Թբիլիսիում ծնված ազգությամբ հայ, որն իր առաջին խոշոր ֆիլմը նկարահանել է Ուկրաինայում՝ ուկրաինական բանահյուսության մոտիվներով: Նրա մյուս երեք կարևոր լիամետրաժ ֆիլմերից մեկը նվիրված է թբիլիսահայ բանաստեղծ Սայաթ-Նովային, երկրորդը վրացական գրական լեգենդի եզակի էկրանավորումն է, իսկ երրորդը թուրքական լեգենդի վերաիմաստավորումն է», — նշված է տեղեկության մեջ, որը տարածել է ԻՊՀ բարձրագույն հետազոտությունների կենտրոնը։

Աշխատանքային լեզուներն են վրացերենը և անգլերենը։ Ցանկացողների համար մուտքն ազատ է։ Ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո՝ 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:

Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:

Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թվականին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:

Փարաջանովի մասին ավելին՝ կարդացեք այստեղ: