Հոկտեմբերի 20-ից Վրաստանի տարբեր տարածաշրջաններում եղանակը կվատանա։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 20-ի գիշերային ժամերից Արևելյան, իսկ հոկտեմբերի 21-ից Արևմտյան Վրաստանում, մինչև հոկտեմբերի 22-ի օրվա երկրորդ կեսը սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, երկրի հյուսիսային լեռնային շրջաններում, ինչպես նաև Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի տարածաշրջաններում տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվությամբ։ Հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում։
«Սպասվող ուժեղ տեղումները կարող են առաջացնել գետերում՝ Էնգուրիում, Արագվիում, Ալազանում, Իորիում և դրանց վտակներում ջրի մակարդակի նշանակալի աճ և ջրհեղեղներ, բլրապատ և լեռնային գոտիներում սողանքային և ցեխահոսքային գործընթացների առաջացում ու ակտիվացում, իսկ քաղաքային տարածքներում՝ առանձին հատվածների ջրածածկում (վտանգի մակարդակը՝ միջին)», — նշված է գործակալության տարածած հայտարարության մեջ։