Վրաստանում շրջանառվում է «խոզի գրիպ» տեսակի վիրուսը. Չխաիձե

Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն մամլո ասուլիսի ընթացքում ասել է, որ Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և ամբողջ աշխարհում շրջանառվում է կորոնավիրուսի հինգերորդ ենթատարբերակը, որը վտանգավոր չի համարվում:

Ըստ նրա՝ Վրատսանում համաճարակային իրավիճակի մասին խոսելիս, գրիպի հետ մեկտեղ կորոնավիրուսը համարվում է ամենաշատ շրջանառվող վիրուսը։ Չխաիձեի պարզաբանմամբ՝ առաջին տեղում գրիպի վիրուսն է, երկրորդ տեղում՝ կորոնավիրուսը:

«Կորոնավիրուսի նոր տարբերակը, որն այժմ անհանգստություն է առաջացնում, Չինաստանում նոր ալիք առաջացնող տարբերակն է։ Իր բնույթով այն Վրաստանում տարածված հինգերորդ տարբերակի տեսակներից է…

Հինգերորդ տարբերակի նկատմամբ իմունիտետ ունեն բնակչության մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր կատարել են booster (խթանիչ) դեղաչափը…»,- ասել է Չխաիձեն։

Ըստ Չխաիձեի՝ գրիպի վիրուսներից Վրաստանում տարածված է հատկապես A տեսակի վիրուսը, որը հանրության շրջանում տարածված է «խոզի գրիպ» անվամբ.

«Եթե նախորդ շաբաթ գերակշռում էր H3N2 տիպի վիրուսը, ապա այժմ ավելի տարածված է «խոզի տիպի» վիրուսը»:

Չխաիձեն հույս է հայտնել, որ մինչև 2023 թվականի ձմեռային սեզոնը Վրաստանը կունենա պատվաստանյութ, որը հարմարեցված կլինի և՛ գրիպի, և՛ կորոնավիրուսի դեմ։

Վրաստանում վիրուսներով վարակման մակարդակը կարող է բարձրանալ․ Չխաիձե