Թբիլիսիում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ

Թբիլիսիում և մայրաքաղաքին միացված տարածքներում շարունակվում են ճանապարհների մաքրման և աղ լցնելու աշխատանքները։ Վերջին օրերի ընթացքում արդեն լցվել է 1000 տոննա տեխնիկական աղ։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի ղեկավար Դավիթ Փաչուլիայի խոսքով, այս փուլում առաջնահերթություն է մնում կենտրոնական փողոցների և պողոտաների մաքրումը։

«Առաջնահերթ խնդիր է կենտրոնական փողոցների և պողոտաների մաքրումը, որպեսզի քաղաքային տրանսպորտը կարողանա անխափան աշխատել։ Ինչ վերաբերում է երկրորդական փողոցներին և նրբանցքներին, ապա «Թբիլսերվիս գրուպը» ակտիվորեն համագործակցում է պարեկային ոստիկանության և տրանսպորտային ընկերության հետ, ինչպես նաև օպերատիվ արձագանքում է թեժ գծով ստացված հաղորդագրություններին», — ասաց Դավիթ Փաչուլիան։

Տեղեկության համաձայն՝ ճանապարհների մաքրման աշխատանքներում ներգրավված է շուրջ 200 աշխատակից և երեք տասնյակ հատուկ տեխնիկա։

Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը ձմեռային անվադողեր չունենալու դեպքում զերծ մնալ մեքենա վարելուց։