Թբիլիսին սպասում է Եվրահանձնաժողովի որոշմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանն ասել է՝ Վրաստանը սպասում է տարեվերջին հանձնաժողովի ճիշտ քաղաքական որոշմանը։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և 12 առաջնահերթությունները կյանքի կոչելու ջանքերն արդարացիորեն կճանաչվեն։ Հանդիպումը կայացել է Իսպանիայի Թագավորություն կատարած այցի ժամանակ։

Խոսելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ Ղարիբաշվիլին ընդգծել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի հաջողությունների և երկրի կարգավիճակի կարևորությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համատեքստում։

Վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահին մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին։ Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն արել է հնարավորը առաջարկությունները կյանքի կոչելու համար, և գործընթացը դեռ շարունակվում է։

«Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը սերտորեն համագործակցել է Եվրամիության և Վենետիկի հանձնաժողովի հետ առաջարկությունների կատարման գործընթացում և շարունակում է դա անել։

Վարչապետն ընդգծել է նաև Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում և նշել, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: