Թբիլիսիում հայտնաբերվել է Լորիս-Մելիքովների հազվագյուտ տապանաքար

Հավլաբարի Էլիա թաղամասի առանձնատներից մեկում հայտնաբերվել է հայտնի Լորիս-Մելիքովների գերդաստանից Եգոր Լորիս-Մելիքովի տապանաքարը։ Զուրաբ Բիբիլաշվիլին է իր տան բակում գտել տապանաքարը, որն արդեն կիրակի տեղափոխվել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։

Տապանաքարը եկեղեցու բակ է տեղափոխվել հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի և ընկերների ջանքերով: Չիդիլյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ տապանաքարը շատ հազվագյուտ է, քանի որ այն պատրաստված է պողպատից։

«Տապանաքարը հայտնաբերած անձինք արդեն 20 տարի ապրում են այդ տանը և տան վերանորոգման ժամանակ հայտաբերել են այն։ Այնուհետև մեր հետ կապ հաստատեցին և մենք արագ այն տեղափոխեցինք եկեղեցու բակ»,-ասում է Չիդիլյանը:

Չիդիլյանը նշում է, որ  Գևորգ Լորիս-Մելիքովը մահացել է 1860 թվականին, հետևաբար տապանաքարն ունի շուրջ 160 տարվա պատմություն։ Ըստ Չիդիլյանի՝ Գևորգ Լորիս-Մելիքովը հնարավոր է թաղված է եղել  Խոջիվանքի գերեզմանատանը և  տապանաքարն ինչ-որ մեկը փրկել է 1936-38թթ․ ոչնչացման ժամանակ։

«Տապանաքարը շատ լավ է պահպանվել, ոչ մի վնասվածք չունի, թեև հողի մեջ է եղել»,-ասում է Չիդիլյանը։

«Ալիք Մեդիայի» այն հարցին, թե արդյոք մտադիր են տապանաքարը տեղափոխել Խոջիվաքի գերեզմանատուն, Չիդիլյանը նշեց, որ նպատակահարմար են համարում այն պահել  եկեղեցու բակում՝ որպես թանգարանային նմուշ․

 «Այն շատ հազվագյուտ է, նման տապանաքար ես տեսել եմ միայն Սիխնախի հայկական եկեղեցում»։

Լորիս-Մելիքովների գերդաստանն ամենահայտնի ու ազդեցիկներից էր Ռուսական կայսրության ժամանակ։ Գերդաստանի ներկայացուցիչներից էին  նաև բարձրաստիճան զինվորականներ Միքայել և Գևորգ Լորիս-Մելիքովները։

Միքայել Փամբուխչյան