Փոփոխվել է առաջին դասարանցիների գրանցման ժամանակացույցը

Վրաստանի հանրակրթական հաստատություններում փոխվել են առաջին դասարան ընդունվելու և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները։  Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ)։ 

Ըստ ԿԳՆ-ի՝ գրանցման առաջին փուլի ընթացքում Վրաստանի կրթության և գիտության նախարարության և կրթության և գիտության խորհրդարանական հանձնաժողովի համատեղ որոշմամբ` Վրաստանի հանրակրթական հաստատություններում տարրական կրթություն սկսելու տարիքի հետ կապված փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում։ 

Հաշվի առնելով նշված փոփոխությունը՝ պետք է լրացուցիչ ժամանակ հատկացվի նաև մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացող երեխաների՝ 2022-2023 ուսումնական տարում դպրոց հաճախելու համար գրանցմանը։ 

Նշվածից ելնելով՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարի 2022 թվականի մարտի 4-ի N221866 հրամանի համաձայն՝ առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները սահմանվել են հետևյալ կերպ. 

I փուլ — Գրանցման առաջին փուլում՝ 2022 թվականի ապրիլի 20-28-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Գրանցվելու համար ծնողները պետք է դիմեն հանրային դպրոցներին։ Այնուհետև դպրոցը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ապրիլի 29-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում։ 

II փուլ — Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 10-20-ը, այն երեխաների համար, ում․

  • քույրն ու եղբայրը նույնպես սովորում են նույն դպրոցում,
  • ծնողը/խնամակալը տվյալ հանրակրթական դպրոցի աշխատակից է,
  • ընտանիքից երկու և ավելի երեխաներ միաժամանակ պիտի գնան առաջին դասարան։

III փուլ` համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 24-ին և կտևի մինչև հունիսի 15-ը: 

Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Երեխայի գրանցումն իրականցվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի  անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցին պիտի ներկայացվեն հունիսի 16-30-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։ 

IV փուլ — դպրոցներում կիրականացվի հուլիսի 4-հուլիսի 12-ը: Այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում՝ դիմելով հանրային դպրոցին: 

Կարդացեք նաև՝

Մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են ընդունվել առաջին դասարան․ օրենքն ընդունվեց