Գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների ավելի քան 1 մլն խախտում

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, 2022 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավելի քան 1 մլն 064 հազար 047 դեպք, մեծ մասը՝ 586 հազար 534-ը, տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում։

Թբիլիսիից հետո ճանապարհային երթևեկության կանոններն ամենից հաճախ խախտվել են Քվեմո Քարթլիում, որտեղ հայտնաբերվել է 94 հազար 135 դեպք, հաջորդում է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը՝ 85 հազար 308 խախտման դեպքով։

ՆԳՆ-ի փոխանցմամբ, այս տարվա երկրորդ եռամսյակում արագության գերազանցման համար ամենից հաճախ տուգանվել են թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդները. տուգանքների ընդհանուր թիվը կազմել է 240 հազար 983, որից 108 հազար 148-ը գրանցվել է Թբիլիսիում։

«Կանգնելն արգելվում է» և «Կանգառն արգելվում է» արգելող նշանների, ինչպես նաև նմանատիպ պահանջների խախտման համար նշանակվել է 171 հազար 990 տուգանք։

Բջջային հեռախոսներով խոսելու և ամրագոտիներ չկապելու պատճառով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը դեռևս բարձր են ողջ Վրաստանում: Վարորդի կողմից կամ նրա կողքին նստած ուղևորի կողմից ամրագոտիներ չօգտագործելու համար տուգանվել է 62 հազար 734, հեռախոսից օգտվելու համար՝ 31 հազար 929 վարորդ։

Կարգավորողի կամ լուսացույցի կանոնները խախտելու, առաջնահերթության կամ արգելման նշանի պահանջները խախտելու, վազանցի, անցման, երկաթուղային հատման կանոնների խախտման, երթևեկության տրանսպորտային միջոցների համար խոչընդոտ ստեղծելու համար տուգանվել է 52 հազար 660 վարորդ:

Նշենք, որ երկրորդ եռամսյակը ներառում է մայիսի 15-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը: