Պարտավոր ենք անցկացնել թափանցիկ, արդար և ժողովրդավարական ընտրություններ. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստի ընթացքում խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ փոփոխություններից հետո, կարելի է ասել, որ երկրում կմեկնարկի նախընտրական քաղաքական գործընթացը:

«Այս գործընթացում կառավարության պարտավորությունն ու պատասխանատվությունն ահռելի է, որպեսզի ինչպես միշտ անցկացնենք թափանցիկ, արդար և առավելագույնս ժողովրդավարական ընտրություններ. այնպիսի ընտրություններ, որոնք ևս մեկ որակի նշան կլինեն Վրաստանի հետագա ժողովրդավարացման ուղղությամբ»,- ասել է Գախարիան:

Ինչպես նշել է վարչապետը՝ համաճարակի պայմաններում ընտրություններ անկցացնելը գլոբալ մարտահրավեր է, որը երկրին հաջողակ փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Կառավարության ղեկավարը դիմել է նաև Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենին՝ ընդգծելով, որ առողջապահության և տնտեսության հետ մեկտեղ օրեցօր ակտիվանում է նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքը, և սա նույնպես պետք է հաշվի առնվի համաճարակաբանական տեսակետից: