Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում և Վրաստանում 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը:

Զեկույցում ամփոփված են 180 երկրների տվյալները: Այս համաթվով երկրները կարող են ստանալ 0-ից մինչև 100 միավոր: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է երկրում կոռուպցիան:

Վրաստանը 55 միավորով զբաղեցնում է 45-րդ տեղը և առաջին տեղը տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա)։ Միևնույն ժամանակ, անցած տարվա համեմատ Վրաստանի ցուցանիշը նվազել է մեկ միավորով։

«Թեև իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից, նրա հետքը, այնուամենայնիվ, զգացվում է։ Նրա կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», վերահսկողության տակ է վերցրել դատական ​​համակարգը և իրավապահ մարմիններին, վերջին տարիներին՝ փաստացի կանգնեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ քաղաքական թափը», — նշում են զեկույցի հեղինակները:

Անդրկովկասում Վրաստանին հաջորդում է Հայաստանը, որը 2017 թվականից սկսած վաստակել է 14 միավոր և դրանց ընդհանուր թիվը հասցրել է 49-ի միավորի:

Զեկույցում ասվում է, որ կոռուպցիայի ընկալման համաթվի տեսանկյունից անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ» կարելի է համարել Հայաստանը: