Վրաստանն ու Թուրքիան նախատեսում են խորացնել անվտանգային գործընկերությունը

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատվիրակությունը՝ Իրակլի Բերաիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, տեղեկությունը տարածում է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկության՝ այցի շրջանակներում Վրաստանի օրենսդիրները կհանդիպեն Թուրքիայի Ազգային պաշտպանության, հետախուզության և պաշտպանության, ինչպես նաև ներքին գործերի հանձնաժողովների նախագահների և անդամների հետ։ Հանդիպումներ կկայանան նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) խորհրդարանական պատվիրակության ղեկավարի և Թուրքիայի օրենսդիր մարմնի՝ Վրաստանի հետ բարեկամության խմբի հետ։

Նշվում է, որ նախատեսվում է խորհրդարանականների այցը թուրքական օդատիեզերական արդյունաբերության ընկերություն՝ Turkish Aerospace Industries (TAI) և պաշտպանության ոլորտում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ HAVELSAN։

«Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների օրենսդիր մարմինների միջև, ամրապնդել համագործակցությունը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի համապատասխան հանձնաժողովների միջև»,- մշված է տարածած հաղորդագրության մեջ: