Կառավարությունը նախագահի հարցով կդիմի Սահմանադրական դատարան

Վրաստանի կառավարությունը մտադիր է նախագահի հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Որոշումն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Վրաստանի կառավարությունը ստիպված է առաջիկայում դիմել Սահմանադրական դատարան և Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրության խախտման հաստատում պահանջել», — հայտարարում է «Վրացական երազանքը»։

Կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ նախագահը խախտում է Սահմանադրությունը, ուստի՝ իրենք որոշել են Զուրաբիշվիլիին ծանոթացնել  սահմանադրական մարմինների գործառույթին և իրավասություններին։

«Մենք ուզում ենք նախագահին հիշեցնել, որ պետական ​​համակարգի կանոնները ոչ թե նախագահն է որոշում, այլ Սահմանադրությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ մարտի 14-ին, ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա քննադատել է խորհրդարանին և ասել, որ այսօր հասարակությունն ավելի սթափ և գիտակցված է, քան խորհրդարանը։ Նախագահը խոսել է նաև Վրաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ֆոնին։