Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառում։

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են ծավալվում նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին այս պահին ոստիկանները պատ են կազմել։

Ցուցարարները աղբամաններ են տեղադրում անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները:

Ցուցարարների մի մասն էլ շարժվում է դեպի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառում են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այսպես կոչված պղպեղային սփրեյ:

Ցույցի մասնակիցները բողոքում են երեկ խորհրդարանում արագացված կերպով ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ: