Ցուցարարները շրջել են ոստիկանական մեքենան

Լուսանկարը՝ radiotavisupleba-ի

Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում ցուցարարները վնասել են պարեկային ոստիկանության մեքենան։ Մի քանի ցուցարարներ շրջել են մեքենան:

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են ծավալվում նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին այս պահին ոստիկանները պատ են կազմել։

Ցուցարարները աղբամաններ են տեղադրում անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները:

Ցուցարարների մի մասն էլ շարժվում է դեպի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառում են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այսպես կոչված պղպեղային սփրեյ:

Ցույցի մասնակիցները բողոքում են երեկ խորհրդարանում արագացված կերպով ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ:

Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ