Երեկվա օրը համառոտ. մարտի 8

Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքացիական գործիչներ հայտարարություն են հրապարակում կապված Վրաստանում «Գործակալների մասին» օրենքի ընդունման հետ։

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը պետք է հիմնովին ապահովի քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի մոտ մարտի 7-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հեռացրել է մարտի 7-ին՝ «օտարեկրյա գործակալների» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ֆոնին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակած եվրոպամետ գրառումը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին ուղղված նամակում գրել է՝ քանի որ Վրաստանն առաջ է շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, իշխանությունները ցանկանում են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկության, անվտանգության և քաղաքացիական հասարակության իրավունքների ու ազատությունների միջև առավելագույն հավասարակշռություն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությանը, որը վերաբերում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Վրաստանի մի շարք քաղաքներում «Ո՛չ ռուսական օրենքին», «Կանայք ընդդեմ տոտալ վերահսկողության» խորագրով բողոքի ակցիաներ են ընթանում:

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում գրել է. «Խնդրում եմ ձերբակալել Բորելին»:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռասա Յուկնևիչենեն, Մարկետա Գրեգորովան և Թեյս Ռոյթենը կոչ են անում Վրաստանի իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից։