Ուկրաինան համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը պետք է հիմնովին ապահովի քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ ուշադիր հետևում են Թբիլիսիում տիրող իրավիճակին: ԱԳՆ-ն շեշտել է նաև, որ կիսում են Եվրամիության այն դիրքորոշումը, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի ներկայիս տարբերակը չի համապատասխանում եվրոպական արժեքներին և չափանիշներին:

«Որպես պետություն, որը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, Վրաստանը պետք է հետևողականորեն ապահովի իր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, ներառյալ խաղաղ բողոքի իրավունքը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին՝ շարունակելու Վրաստանի եվրոպական ապագայի կառուցումը»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։

«Օտարերկրյա գործակալների» օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով