Անշարժ գույքի գների ինդեքսը զգալի աճել է․ Geostat

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) նախորդ եռամսյակի համեմատ աճել է 4,2 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 3,4 տոկոս։

Հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 13,1 տոկոսով։

«RPPI-ի ծածկույթը սահմանափակվում է Թբիլիսիով և ընդգրկում է միայն բնակելի անշարժ գույքի նոր շուկան՝ ինչպես բազմահարկ բնակարանների, այնպես էլ առանձնատների հատվածները։ 

2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ գների աճ է գրանցվել ինչպես բնակարանների (5,4 տոկոս), այնպես էլ առանձնատների հատվածում (2,0 տոկոս)»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բնակարանների վարձակալման գները կտրուկ բարձրացել են։ Ոլորտի մասնագետները շուկայում շարժը կապում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրներից մարդկանց արտահոսքի հետ։