Հուլիսի 17-ին Թբիլիսիում կմեկնարկի «Բաց կառավարման գործընկերության» 5-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Վրաստանից և շուրջ 70 երկրներից քաղաքացիական հասարակության մոտ 500 ներկայացուցիչներ:
Մասնակիցները քննարկումներ կունենան երկրի համար կարևոր սոցիալ-տնտեսական մարտահրավերների և գործընկեր երկրների փորձերի շուրջ: «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը:
«Բաց կառավարման գործընկերությունը» բազմակողմանի նախաձեռնություն է, որի անդամ երկրներն իրականացնում են բարեփոխումներ` բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորման համար: Բաց կառավարման գործընկերության ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ներգրավվել երկրի կառավարման գործընթացներին և փոփոխություններ կատարել:
2017 թվականից Վրաստանն այս նախաձեռնության նախագահող երկիրն է:
Հուլիսի 17-19-ը Վրաստան կժամանի աշխարհի առաջին ռոբոտ քաղաքացի Սոֆիան: Նա ելույթ կունենա «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գագաթնաժողովում: