Աբխազական և ռուսական կողմերը երկքաղաքացիության մասին համաձայնագիր են ստորագրել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին»  համաձայնագիր, հայտնում է ռուսական Sputnik պարբերականը։

Նշվում է՝ մոտ ժամանակներս կգործարկվի մեխանիզմ, որը կօգնի «Աբխազիայի քաղաքացիներին» ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:

Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անվերապահ աջակցություն է հայտնում Աբխազիային՝ «պետական ​​ինքնիշխանության ամրապնդման գործում» և շնորհակալություն է հայտնել Աբխազիայի ներկայացուցիչներին ուկրաինական հարցի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։

Նշենք, որ ավելի վաղ Արձինբան պարզաբանել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում ռուսների համար «աբխազական քաղաքացիության» պարզեցված ձեռքբերում։