Աբխազական կողմը հերքում է Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու թեզը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությամբ՝ «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։

«2008 թվականին, Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո, վրացական իշխանություններն ակտիվորեն օգտագործում են «օկուպացված տարածքների» մասին թեզը բոլոր միջազգային ձևաչափերում և տեղեկատվական տարածություններում, ըստ որի Աբխազիայի Հանրապետությունը և Հարավային Օսիայի Հանրապետությունը օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից։

Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։  Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական ​​մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի կողմից ճանաչվեցին որպես անկախ պետություններ։ Ռուսաստանը երկու կողմերի հետ կնքել է լայնածավալ դաշինքային համաձայնագրեր։  Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիների ավելի քան 80%-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։