Աբխազիայում ընդդեմ «իշխանության» հանրահավաք է անցկացվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «մայրաքաղաք» Սոխումիում դե ֆակտո ընդդիմության հանրահավաք է տեղի ունեցել: Այս տեղեկությունը տարածել է RadioTavisupleba-ն:

Նրանց փոխանցմամբ՝ աբխազական ընդդիմության «ազգային հանդիպումը» ընթացել է Սոխումիի դրամատիկական թատրոնի հարակից հրապարակում։

Հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները դեմ են «Բնակարանների, Աբխազիայի բնակավայրերի, աբխազական հողերի բաշխման և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին օրենքին»։

Ըստ տեղեկության՝ ցուցարարների ձեռքում եղել են հետևյալ կարգախոսներով պաստառներ՝ «Աբխազիան չի վաճառվում» և «Էներգիան ազգի սեփականությունն է»։

Ի դեպ, դե ֆակտո կառավարության շենքերի շուրջ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել. տեղադրվել են երկաթե ցանկապատեր, փշալարեր և այլն։ Բացի «ուժային կառույցների» ներկայացուցիչներից, «կառավարական» շենքերի մոտ հավաքված են նաև Աբխազիայի «կառավարության» կողմնակիցները։