ՆԱՏՕ-Վրաստան դեսպանատունն առավելապես աշխատելու է երկրի շրջաններում

Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն Accent.ge-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կոնտակտային դեսպանատունն առավելապես կենտրոնանալու է երկրի շրջաններում գործունեության ծավալման վրա:

Ռոտունդուն բացատրել է, որ կոնտակտային դեսպանատան հիմնական գործառույթը դաշինքի մասին,  հանրային դիվանագիտության միջոցով, վրացական հասարակությանն ավելի լավ ներկայացնելն է։

«Մենք կփորձենք ավելի շատ աշխատել Վրաստանի շրջաններում»,- ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի՝ դաշինքին միանալու հեռանկարին, ապա, ռումինացի դիվանագետի կարծիքով, ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը ևս մեկ անգամ հաստատում է «բաց դռների» սկզբունքը։

«Պետք է հաշվի առնել, որ ՆԱՏՕ-ն գործում է կոնսենսուսի հիման վրա, ուստի բոլոր որոշումները՝ ներառյալ ընդլայնումը, պետք է հավանության արժանանան բոլոր դաշնակիցների կողմից»,- հավելել է Ռումինիայի դեսպանը։

Ի դեպ, Միացյալ Թագավորության և Ռումինիայի դեսպանությունները առաջիկա երկու տարիներին կծառայեն որպես ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կոնտակտային դեսպանատներ։

ՆԱՏՕ-ի կապի դեսպանատունը գործնական և օժանդակող մարմին է Դաշինքի և երրորդ երկրների միջև երկկողմ կապերի ու փոխադարձ համագործակցության հաստատման համար: Դրա հիմնական նպատակն է իրականացնել տեղեկատվական և կրթական նպատակներ՝ օգտագործելով հանրային դիվանագիտությունը։ ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատունն աջակցում է որոշումներ կայացնողներին և Վրաստանի քաղաքացիներին Դաշինքին ինտեգրվելու հետ կապված հարցերում՝ կազմակերպելով տեղեկատվական հանդիպումներ, քաղաքական քննարկումներ, ուսանողական այցեր և ճեպազրույցներ ընթացիկ թեմաներով: