Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։

Ըստ վարչապետի՝ պատերազմի վտանգի մասին իր գնահատականը չափազանցված չէ և շահարկում չէ: Նրա խոսքով, օրեցօր նկատվում են ավելի շատ առճակատումներ, ավելի շատ լարվածություն, էսկալացիա և այլն:

«Այս պայմաններում իմ գլխավոր մտահոգությունը` որպես կառավարության ղեկավար, և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության պահպանումն է ու մեր երկիրը փրկելը»,- ասել է վարչապետը:

Ի դեպ, մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահի աշխատակազմի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին։