Ամուսնալուծության դեպքերը Վրաստանում

Վրաստանում 2015-2018 թվականներին ամուսնալուծության 37 հազար 892 դեպք է արձանագրվել: Հետազոտությունն անցկացրել է «երիտասարդ փաստաբաններ» կազմակերպությունը:

Հետազոտության համաձայն, ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում է, որին հաջորդում է Իմերեթիի տարածաշրջանը:

2015-2018-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ամուսնալուծությունների թիվն ավելանում է։ 2015-ին ամուսնալուծության 9 082 դեպք է գրանցվել, 2016-ին՝ 9 513, 2017-ին՝ 10 452։ Միայն նախորդ տարի այդ թիվը զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 8 845-ի։

«Երիտասարդ փաստաբանները» վերլուծելով տվյալները, նշում են, որ ամուսինների բաժանման վիճակագրությունը, սակայն, մի շարք հանգամանքներից ելնելով հնարավոր է ավելի բարձր լինի․ կողմերը շատ հաճախ չեն դիմում դատարան կամ որևէ այլ մարմին, քիչ չեն նաև չգրանցված ամուսինների բաժանման դեպքերը:

Վիճակագրության ազգային գործակալության տեղեկությամբ, 2017-ին Թբիլիսիում 3731 զույգ է ամուսնալուծվել, Իմերեթիում՝ 1739:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, 2018-ի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ողջ մասշտաբով ընտանեկան բռնության 746 դեպք է արձանագրվել: Ընտանեկան բռնության ամենաբարձր ցուցանիշը նույնպես Թբիլիսիում է։